1993թ. Նոր տարի: Հունվարի մեկ: Սոս Սարգսյանի և Սարգիս Մուրադյանի հետ հավաքվեցինք Խորեն Պալյանի տանը: 48 ժամ էր անցել Լ. Զաքարյանի մահվանից, բայց դեռևս որոշված չէր հանգուցյալի թաղման տեղը: Ավելի ճիշտ, ինչպես Խորենն ասաց, իշխանությունները կտրուկ մերժել էին Պանթեոնը: Առաջարկել էին թաղել, այսպես ասած ՝ Քաղաքային պանթեոնում (Թոխմախգյոլ): Համարելով, որ բանավիճելն ապարդյուն կանցնի, որոշեցինք ուղևորվել Նորին Սուրբ Օծություն, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ: Սթափ գիտակցում էինք, որ մեր երկրում ընդհանրապես հստակ և անվիճելի չափանիշներ գոյություն չունեին Կոմիտասի այգում թաղում կատարելու յուրաքանչյուր առանձին դեպքի համար: Վեհափառը մեզ ընդունեց ցուրտ աշխատասենյակում: Ես առաջին անգամ արցունքներ տեսա Մեծ ծերունու աչքերում:
Ուշադիր մեզ լսելով՝ նա հազիվ լսելի ասաց.
- Լուսինեն Կոմիտասի կողքին, իհարկե, տրամաբանական կլիներ պատմականորեն և ստեղծագործաբար: Բայց քանի որ այդպես ստացվեց, մենք նրան հողին կհանձնենք Ս. Գայանե եկեղեցու գավթում՝ իմ մոր գերեզմանի մոտ...
Վեհափառի կամքն ի կատար ածվեց հաջորդ օրը: Կարծում եմ՝ այդպես էր հաճո Աստծուն...
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հ.Գ.
Սգակիր ժողովուրդ, մեր Լուսինէն ոչ ևս է մեր մէջ:
Սուգի մէջ է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որը այնքան անժամանակ կորցնում է իր աստուածասէր և տաղանդաշատ մեներգչուհուն՝ Լուսինէ Զաքարեանին, որը ահա ավելի քան երեք տասնամեակներ շարունակ իր հրեշտակային ձայնով պայծառացրեց մեր քրիստոսակերտ Մայր Տաճարը, մեր բոլորիս աղօթքները բարձրացնելով դէպի երկինք:
Յետ այսու, մենք պիտի լսենք Լուսինէի երգը երկնքից, զի այնտեղ՝ երկնքում, աւելացաւ ևս մի հրեշտակ:
Օրհնութիւն աննման Լուսինէի անկորնչելի վաստակին:
Օրհնութիւն նրա խնկելի յիշատակին:
Երանի այնոցիք որ Սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն.
Ամէն:
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.
Խոսք Լուսինէ Զաքարեանի թաղման։
4 Յունուար, 1993թ.
Սասուն Ս․ԱՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից